ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 18.03.2024-05.04.2024-ն ընկած ժամանակահատվածում իրականացված միջոցառումների ԱՄՓՈՓԱԳԻՐ

10.04.2024


1.     Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) անդամներ Մարիամ Գալստյանը և Լիլիթ Ալեքսանյանը Ստրասբուրգում մասնակցել են Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) 96-րդ լիագումար նիստին։

Լիագումար նիստի օրակարգում եղել են 5-րդ փուլի գնահատման զեկույցներ և 5-րդ և 4-րդ գնահատման փուլերին առնչվող համապատասխանության զեկույցներ՝ ընդհանուր 11 անդամ պետությունների վերաբերյալ: 5րդ փուլի շրջանակներում որպես առանձին ուղղություն գնահատվում են Կենտրոնական կառավարման մարմիններում կոռուպցիայի կանխարգելումը, վերաբերելի օրենսդրական դաշտը, պրակտիկայում դրա կիրառումը և ինստիտուցիոնալ համակարգը։

2.    2024 թվականի մարտի 21-ին Կորպորատիվ կառավարման կենտրոնը կազմակերպել է «G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքներ» խորագրով աշխատաժողով, որի նպատակը լավ կորպորատիվ կառավարման հիմնական միջազգային չափորոշիչ հանդիսացող G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման 2023 թվականին վերանայված սկզբունքների ներկայացումը, ինչպես նաև ՀՀ-ում կորպորատիվ կառավարման միջավայրի առանձնահատկությունների քննարկումն էր: 

Աշխատաժողովին բացման ելույթով հանդես է եկել Հանձնաժողովի անդամ ԼԱլեքսանյանը, ով իր խոսքում անդրադարձել է մասնավոր ոլորտում կոռուպցիայի կանխարգելման համատեքստում կորպորատիվ կառավարման կարևորությանը և այս ուղղությամբ Հանձնաժողովի իրականացրած աշխատանքներին: Հանձնաժողովի անդամը նշել է, որ 2023 թվականին ԵՄ թվինինգ ծրագրի փորձագիտական թիմի հետ համագործակցությամբ իրականացվել են կոռուպցիոն ռիսկերի պիլոտային գնահատումներ ՀՀ երեք պետական մասնակցությամբ կազմակերպություններում, որոնց արդյունքում Հանձնաժողովը մշակել է նաև ՀՀ պետական մասնակցությամբ ընկերություններում կորպորատիվ կառավարման ելակետային գնահատականը պարունակող զեկույց: ԼԱլեքսանյանն անդրադարձել է նաև ՏՀԶԿ-ի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 5-րդ փուլի Հայաստանի գնահատման զեկույցին՝ շեշտադրելով ոլորտային բարեփոխումների անհրաժեշտության համատեքստում Հանձնաժողովի իրականացրած աշխատանքի, ինչպես նաև կորպորատիվ կառավարման սկզբունքների շուրջ նմանատիպ քննարկումների կարևորությունը:

3.    Մարտի 26-ին Հանձնաժողովում հյուրընկալվել են «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)  ներկայացուցիչները: Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել  Վենետիկի հանձնաժողովի անդամներ Օլիվեր Կասկին (Էստոնիայի հարցով Վենետիկի հանձնաժողովի փոխարինող անդամ), Կատարինա Փաբելին (Ավստրիայի հարցով Վենետիկի հանձնաժողովի փոխարինող անդամ), Մայքլ Յանսենին (Վենետիկի հանձնաժողովի քարտուղարություն), Համաձիրիպի Մանիկվային (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների մասով խորհրդական):

Հանդիպման ընթացքում քննարկվել է ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխությունների նախագծի՝ Հանձնաժողովին վերաբերելի դրույթները, ինչպես նաև կուսակցությունների ֆինանսական հսկողության վերաբերյալ հարցեր:

4.    Մարտի 28-ին Հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) անդամները և ստորաբաժանման ղեկավարները մասնակցել են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից իրականացված՝ Հանձնաժողովի գործունեության գնահատման արդյունքների ներկայացման միջոցառմանը:

Ուսումնասիրությունն իրականացվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։

ԿԿՀ գործունեությունն ուսումնասիրվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից մշակված՝ հակակոռուպցիոն մարմինների գնահատման մեթոդաբանության հիման վրա՝ գնահատելով ԿԿՀ-ն 6 չափման ուղղություններով, ներառյալ՝ կառույցի անկախությունն ու կարգավիճակը, ֆինասնական ու մարդկային ռեսուրսներով ապահովվածությունը, հաշվետվողականությունն ու ներքին բարեվարքությունը, կոռուպցիայի կանխարգելումը, հակակոռուպցիոն կրթությունն ու իրազեկումը, հանրային պաշտոնյաների և ծառայողների բարեվարքության պահանջների ապահովումը, համագործակցությունն ու արտաքին հարաբերությունները։

5.    Հանձնաժողովը «Դարձի՛ր փոփոխության առաջնորդ» երիտասարդական կրթական ծրագրի շրջանակներում ապրիլի 4-ին և ապրիլի 5-ին հյուրընկալել է Արմավիրի մարզի «Բաղրամյանի (Վաղարշապատի տ/շ) միջնակարգ դպրոց»-ի և Աբովյան քաղաքի N2 հիմնական դպրոցի աշակերտներին:

Հանդիպման ընթացքում, Հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության աշխատակիցները մասնակիցներին ներկայացրել են «Կոռուպցիա» հասկացության, դրսևորումների, տիպաբանության, հակակոռուպցիոն բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի, Հանձնաժողովի գործառույթների վերաբերյալ թեմաներ: